HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամներին

«Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի հարգելի անդամներ Աննա Սարգսյան, Երազիկ Գրիգորյան, Կարինե Չոբանյան, Անի Չիբուխչյան, Արծվի Բախչինյան

«Հետքը» մարտի 31-ին հայտնել է, որ «Օրանժի» ղեկավարությունը դիմել է ձեզ, որ ի սկզբանե բացառեք Մհեր Ենոքյանի պատմվածքը քննարկել, քանի որ եթե այն մրցանակ ստանա, կխփի իրենց կոմերցիոն շահերին, և դուք այդպես էլ վարվել եք: Նաև, ըստ հրապարակման, Կարինե Չոբանյանը ասել է, որ դուք պայմանագիր եք ստորագրել «Օրանժի» հետ, որ ժյուրիի աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չեք հաղորդելու և գաղտնի կմնա, թե, իրոք ,նման բան եղել է, թե ոչ: Արդեն այն փաստը, որ նա հիշել է իր ստորագրությունը, ինձ հիմք է տալիս պնդել, որ նախապես ձեր կողմից ընտրված երեք պատմվածքներից երկուսի մեջ եք արել ընտրությունը:

18 տարի բանտախցում գտնվող Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի, ապա ցմահ ազատազրկման մի սպանության համար, որ ենթադրվում է, թե ինքը չի կատարել: Բազմաթիվ փաստեր կան, որ կասկածի տակ են դնում դատավճիռը ու խոսում նրա անմեղության մասին: 

«Օրանժի» մրցանակին նա մասնակցել է «Դեպի ցմահ ազատություն» բանտային դաժան կյանքի վերաբերյալ պատմվածքով, որը մի քայլ էր կալանավորների իրավունքների նկատմամբ հասարակության ուշադրությունը հրավիրելու համար:

Եթե, իրոք, «Օրանժի» ղեկավարությունը թեկուզ չնչին չափով դեր է ունեցել քվեարկության վրա և հորդորել է ձեզ նրան մրցանակի հավակնորդներից անտեսել այն բանի համար, որ դատապարտված է, ապա դուք ևս մի անգամ դատապարտել եք Մհեր Ենոքյանին ցմահ ազատազրկման այն հանցանքի համար, որը ապացուցված չեմ համարում: Ուրեմն, մրցանակաբաշխությունը եղել է անարդար ու նաև այն թույլ չի տվել, որ Մհերի պատմվածքը ստանա հասարակական հնչեղություն:

«Օրանժը» առաջնորդվում է իր կոմերցիոն շահերով, և նրա համար իր եկամուտը ավելի կարևոր է, քան մարդու ճակատագիրը: 

Դուք, որպես մտավորականներ, կարծում եմ, այլ առաջնահերթություններ ունեք:

Ես կոչ եմ անում ձեզ որպես հասարակության ներկայացուցիչների՝ ասել ճշմարտությունը, հանուն ձեր ստորագրության չնպաստել, որ խորտակվեն մարդկանց ճակատագրերը, ստորագրության ու խղճի միջև ընտրեք ձեր խիղճը, «Օրանժի» կոմերցիոն շահերի ու մարդու իրավունքերի միջև ընտրեք իրավունքը: Անցել են ստալինյան ժամանակները, որ մարդիկ, երկյուղելով ճշմարտությունը ասել, իրենց ստորագրության գերին էին դառնում: 

Ձեր լռությունը կամ ստորագրությանը հղելը, թե իրավունք չունեք ճշմարտությունը ասել, դիտարկվում է, որ եղել է ճնշում «Օրանժի» ղեկավարության կողմից և մրցանակաբաշխությունը պետք է չեղյալ հայտարարվի: 

Հարգանքներով`

Վահան Իշխանյան

Կոչին արդեն միացել են մի շարք քաղաքացիներ: Կոչը բաց է միանալու ցանկություն ունեցողների համար: 

Մեկնաբանություններ (1)

Աննա
Էդ տղեն գոնե մի լուսավոր, գոնե մի դրական վերաբերմունքի արժանի չի այս անարդար կյանքում?Շատ ուրախ կլինեմ որ չեղյալ հայարարվիայդ մրցանակաբաշխությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter